Օգոստոս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում բացակայում է, ինչի արդյունքում զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Հանրապետության ամենատաք հատվածները օգոստոսին Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռնային և Սյունիքի հովտային գոտիներն են, որտեղ միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +25…+27°C սահմաններում:
Արևադարձային տաք օդային զանգվածների ներխուժման դեպքում, ցերեկային ժամերին բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում հասնում է +41…+42°C, լեռնային մարզերում +32․․․+35°C աստիճանի: Հանրապետության հովտային գոտում միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է +30°C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը գիշերը չի իջնում +8…+11°C-ից ցածր, մինչև ամսվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում, որտեղ ցերեկային ժամերին առավելագույն ջերմաստիճանը միջինը տատանվում է +25…+3°°C աստիճանի սահմաններում։
Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Բացառիկ դեպքերում օգոստոսին հանրապետության տարածք կարող են հյուսիսից ներթափանցել նաև արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք առաջ են բերում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, լեռնային գոտիներում առանձին տարիներին գրանցվել են նաև բացասական ջերմաստիճաններ։ 1950թ-ին օգոստոսի 27-ին արկտիկական ցուրտ օդի ներխուժման ժամանակ, գիշերային ժամերին Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -4°C, Գավառի, Ապարանի հատվածներում -1․․․-2°C։
Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում` միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:
Օգոստոսին դեռևս շարունակվում է մեծ մնալ պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 17-20 օր, սակայն հուլիսի համեմատ աստիճանաբար նվազում է արևափայլի տևողությունը:
Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11մմ:
Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորում` 1-4 օր:
Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր:
Կարկտահարության դեպքերը հանրապետության հովտային գոտիներում կտրուկ նվազում են, սակայն առանձին տարիներին հատկապես լեռնային մարզերում կարող է դիտվել խոշոր տրամաչափի կարկուտ:
Եղանակի կանխատեսում 2022թ. օգոստոս ամսվա համար