«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածը ներկայացնում է քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը։
Այսպիսով, քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) կազմակերպում է ավագանու և քաղաքապետարանի աշխատանքները.
2) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները և ազատություններն ապահովելու համար.
3) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
4) սահմանում է Երևանի շենքերի և շինությունների համարակալումը.
5) ավագանուն է ներկայացնում Երևանի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը, դրան համապատասխան` տնօրինում է Երևանի սեփականություն համարվող գույքը.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքային կազմակերպությունների ղեկավարներին.
7) նշանակում և ազատում է վարչական շրջանի ղեկավարներին.
8) սահմանում է վարչական շրջանի ղեկավարի նստավայրը.
9) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.
10) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու, իր գործունեության և Երևանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում.
11) վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության նկատմամբ և պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.
12) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը.
13) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին.
14) ավագանուն է ներկայացնում առաջարկություն վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների քանակի, անվանումների, ձևավորման և գործունեության կարգի ու լիազորությունների վերաբերյալ.
15) բացառապես սույն օրենքով սահմանված պարտադիր այլ իրավասություններ:
Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով լուծում է Երևանի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.
2) օրենքով Երևանի քաղաքապետի համար պատվիրակված այլ լիազորություններ:
Երևանում տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով քաղաքապետի որոշ լիազորություններ օրենքով տրվում են վարչական շրջանի ղեկավարին:
Քաղաքապետի առաջարկությամբ և ավագանու որոշմամբ վարչական շրջանի ղեկավարին կարող են պատվիրակվել նաև քաղաքապետի այլ լիազորություններ, բացառությամբ ավագանու հետ հարաբերություններում ունեցած լիազորությունների: