Քո գնահատականը լավագույնս տալիս են քո կենսագրությունն ու գործունեությունը. Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է բարերար, ազգային գործիչ Նուբար Աֆեյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ամենայն բարիք։
«Սիրելի Նուբար,
Թանկագին ընկեր,
Ի սրտե շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ:
Քո գնահատականը լավագույնս տալիս են քո կենսագրությունն ու գործունեությունը, որի աշխարհագրությունն իսկապես միջազգային է՝ ներառելով տարբեր ոլորտներ, գործարար աշխարհից մինչև բարերարություն:
Բայց ես, որպես քո ընկեր, ուզում եմ արձանագրել, որ քո հաջողությունները դժվար կիրականանային, իսկ որոշ դեպքերում, հնարավոր է, ընդհանրապես գոյություն չէին ունենա, եթե չլինեին քո մարդկային որակները, իրավիճակը գնահատելու և ճիշտ լուծում գտնելու կարողությունը, հավատը մարդու և աշխատանքի հանդեպ:
Դու կարողացել ես հաջողությամբ համադրել այն զգացողությունը, թե ինչի կարիք ունի աշխարհը, և հավատը, թե ինչ կարող ես անել դու այդ ուղղությամբ, կարողացել ես հավատարիմ մնալ քո իսկ նշանաբանին՝ անել ինչ-որ բան ոչ միայն ինքդ քեզ, այլև Հայաստանի համար:
Մաղթում եմ քեզ, սիրելի ընկեր, առողջություն, հաջողություն և ամենայն բարիք»,-ասվում է Արմեն Սարգսյանի ուղերձում։