Սույն թվականի մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դրա հետևանքով խճուղին մինչև հունիսի 14-ը երկկողմանի փակ էր։ Տեղի ունեցած փլուզման հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու հանձնարարական էր իջեցվել։ Ըստ այդմ՝ 2022 թվականի հուլիսի 3-ին ՀՀ, ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 հասցեներում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։
Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից 2020 թ. հունիսի 26-ին աշխատանքային նախագիծը համաձայնեցվել է նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ՃՏԱ ) 9-րդ կետի պահանջի խախտմամբ, այն է՝ բնակելի շենքերի ստորգետնյա հարկերի՝ ավտոկայանատեղիի մուտքի և ելքի համար նախատեսված հանգույցները աշխատանքային նախագծով նախագծվել են սեփականությամբ պատկանող հողամասի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում։
Աշխատանքային նախագիծը նույն խախտմամբ 2022թ․ մարտի 31-ին վերահամաձայնեցվել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից։ Շինարարության կազմակերպման նախագծում կառուցվող շենքերի հիմքերը նախագծվել են համայնքային սեփականության հողամասի սահմաններում։ Երևանի քաղաքապետի կողմից նախագծման թույլտվությանը չհամապատասխանող աշխատանքային նախագիծ է համաձայնեցվել։ ՀՀ օրենսդրության խախտմամբ մշակված նախագիծը 2020 թվականի մարտի 4-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից ենթարկվել է պետական համալիր փորձաքննության և դրական եզրակացություն ստացել։
Կապալառու «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով․ քանդման և հողային շինարարական աշխատանքներն իրականացվել են շինարարական հրապարակի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում՝ խճուղու եզրագծով։ Բացի այդ, շինարարական աշխատանքների ընթացքում չի պահպանվել համաձայնեցված աշխատանքային նախագծով նախատեսված փոսորակի լանջի 27 աստիճան թեքությունը, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում։ «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից թույլ տրված կոպիտ նախագծային շեղումը հանգեցրել է տեխնիկական վթարի։
Տեսչական մարմնի կողմից իրավախախտումների վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո միջնորդություն է ներկայացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար տրամադրված լիցենզիայի դադարեցման վերաբերյալ։
Վերոնշյալ հասցեում իրավախախտում թույլ տված բոլոր քաղաքաշինական սուբյեկտների նկատմամբ կիրառվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ։ Փաստացի իրավասու մարմինների կողմից ոչ միայն չի կանխվել համայնքային սեփականության հողամասի զավթումը, այլև նախագծի համաձայնեցմամբ և փորձաքննությամբ ակտիվ գործողություններով օժանդակվել է դրան։
Հողազավթման դեպքի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից իրավախախտման հայտնաբերման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ հետևանքների վերացման ուղությամբ։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, բարձր վտանգավորությամբ գնահատելով վերոնշյալ արարքները և առաջացած տեխնիկական վթար հանդիսացող հետևանքը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: