ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում քննարկում է ընթանում։
«Այսպես կոչված՝ համապատասխանեցման հարցը, որ դրված է քրեական մեղադրանքների, իրավական նախադրյալ չունի։ Այսինքն՝ ոչ Քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները, ոչ Քրեական օրենսգրքի անցումային հոդվածը, ոչ Քրեական օրենսգրքի գործողության մեջ դնելու մասին օրենքը որևիցե դրույթ չեն պարունակում առ այն, որ ընթացիկ քրեական վարույթներով, կլինի դա՝ մինչդատական, թե դատական վարույթ, մեղադրանքները, որոնք ներկայացված են կամ քննվում են հին քրեական օրենսգրքի դրույթներին համապատասխան պետք է համապատասխանեցվեն։
Այս ընդհանուր կանոնից հետևում է, որ այն ամեն ինչը, ինչ-որ գրված չէ անցումային դրույթներում, նշանակում է դրանց անդրադառնալու իրավական անհրաժեշտություն չկա»,-իր խոսքում նշեց վերոնշյալ օրենսգրքերի ստեղծման աշխատանքային խմբի անդամ Հրայր Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ եթե նպատակ լիներ օրենսդրի կողմից այս կամ այն դրույթը հին օրենսգրքին համապատասխանեցնել կամ նույնականացնել՝ դրանց վերաբերյալ կլիներ կոնկրետ նշում։
«Օրինակ քննչական մարմինները հարցնում էինք՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց այլևս չկա, բայց կա բացակայելու արգելք խափանման միջոցը, որը բովանդակային առումով նույնն է, պե՞տք է արդյոք հինը վերացնել, նորը կիրառել․ իրավական անհրաժեշտություն չկա։ Օրենսդիրը որևէ պահանջ չի դրել, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պետք է վերացվի, դրա փոխարեն ընտրվի այլ խափանման միջոց։ Բայց չկա նաև դա անելու իրավական արգելք։ Այսինքն, եթե նախաքննական մարմինը կորոշի, որ ինքը հին խափանման միջոցը պետք է վերացնի, նորը կիրառի, կարող է դա անել, բայց օրենսդիրը չի պարտավորեցրել որևիցե մեկին դա անելու»,-մանրամասնեց մասնագետը։
Նա նաև խոսեց այն մասին, երբ ասում են, թե հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչված Քրեական օրենսգիրքը այևս չկա, չի գործում, թե «մեռած» օրենքը չի կարող կիրառվել։
«Նույնիսկ ուժը կորցրած իրավական ակտերը ունեն որոշակի գործողություն:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածն ասում է, որ ուժը կորցրած օրենքը տարածվում է մինչև ուժը կորցնելը եղած հարաբերությունների վրա:
Այսինքն, երբ հանցագործություն է կատարվել 2022-ի հուլիսի 1-ից առաջ, այդ հանցագործությունը մնում է հանցագործություն՝ անկախ նրանից, այդ քերական օրենսգիրքն ուժը կորցրել է, թե ուչը չի կորցրել: Հետևաբար, բոլոր այն մեղադրանքները, որոնք կապված են 2003 թվականի Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հետ՝ դրանք շարունակում են մնալ, գոյություն ունենալ, որովհետև դրանք լեգիտիմ են, որովհետև այդ ենթադրյալ արարքները կատարվել են հին օրենսգրքի գործողության պայմաններում և դրանց վրա կարող է տարածվել միայն հին օրենսգրքի կարգավորում։
Այս կանոնից կա մի քանի բացառություն․ արարքի հանցավորությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի: Այսինքն, եթե նոր օրենսգրքում չենք ունենա հոդվածներ, որոնք եղել են նախկինում, աշխատելու է ապաքրեականացման կանոնը, որի արդյունքում այդ արարքներով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։
Եվ երկրորդ բացառությունը կա, Սահմանադրական դատարանի կողմից քրեական օրենսգրքի հատուկ մասի դրույթը հակասահմանադրական ճանաչելն է»,-ասաց Հրայր Ղուկասյանը: