«Կռանում, ձեռքով աղբը հանում էր, պետք չի քուջուջ անեն, աղբը գտնեն, տոպրակներ դրեք աղբամանների մեջ»․ Հրաչյա Սարգսյանը՝ փոքր աղբամանների մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հուլիսի 19-ի գործակարգավարական նիստին հանձնարարեց Երևանում առկա բոլոր փոքր աղբամաններում տոպրակներ տեղադրել։

Նա հետաքրքրվեց, թե փոքր աղբամաններում ինչու՞ տոպրակներ չեն տեղադրվում, ի պատասխան որի պարզվեց, որ միայն Հյուսիսային պողոտայի և Հանրապետության հրապարակի հատվածների աղբամաններում տոպրակներ կան։

«Ինչու՞ միայն Հյուսիսային պողոտան, ամբողջ քաղաքով տոպրակներ դրեք։ Այսինքն նորմալ չի, մեր աշխատողը, ես Կոմիտասում եմ տեսել, վիդեոներ ունեմ, կարող եմ ձեզ տալ, կռանում, ձեռքով աղբը հանում է, ինչ-որ մեծ մեշոկի մեջ դնում․․․ պատկերացնու՞մ եք դրա արդյունավետությունը՝ ժամանակի առումով, այդ պրոցեսն անելու փոխարեն պետք է պարզապես բարձրացնի տոպրակը վերև, փակի, գցի աղբի մեքենայի կամ իր փոքր ծավալի աղբամանի մեջ, տանի։ Հատիկ-հատիկ ձեռքով հանում էր միջից, նորմալ չէ։ Ի՞նչ է պետք, ասեք՝ անենք։ Ամբողջ Երևանում դրեք մեծ տոպրակները։ Դրա մաքրման աշխատանքներն էլ ձեզ ոչ թե պետք կլինի 10 հոգի, քուջուջ անեն, աղբը գտնեն, այլ պետք կլինի պայմանական 5 հոգի, պետք չի դրա վրա խնայել»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետը հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել