ՀՀ ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կանցկացնի, օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին:
ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության քվոտայով խորհրդարան անցած Թագուհի Թովմասյանի ու Իշխան Զաքարյանի անունները:
Իշխան Զաքարյանը ավելի վաղ հայտարարել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին:
Ցուցակում չկա նաև Մարտուն Գրիգորյանի անունը, որը պատգամավորական մանդատ է ստացել Արթուր Վանեցյանի՝ հրաժարական տալուց հետո՝ հունիսի 30-ին: Գրիգորյանն ընդգրկված է «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում:
Ընդդիմադիրներ տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում ԱԺ նիստերին, նրանք փողոցային պայքար էին սկսել: ԱԺ-ն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ավելի վաղ փոխնախագահի պաշտոնից հեռացրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ընդդիմադիր Արմեն Գևորգյանն էլ հրաժարվել էր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը, սակայն, չի հրաժարվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: