Առքուվաճառքի առցանց հարթակների օգտագործմամբ ապրանքներ վաճառողներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքերն ավելացել են. Դատախազությունն զգուշացնում է

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2022թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդագրությունների, քրեական վարույթների ուսումնասիրությունը վկայում է, որ կտրուկ աճել են համացանցային առքուվաճառքի հարթակներում օրինակ` List.am ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը:

Այս բնույթի հանցագործությունները կատարվում են հիմնականում երկու սցենարով:

Մի դեպքում ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարների տակ գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները` ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացնում են եղած գումարները:

Մյուս դեպքում հանցագործները առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը: Սակայն, պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «Հայ Փոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայամանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են այսպես կոչված «Հայ Փոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, ինչից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում են բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով հափշտակում են դրանք:

Ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավորները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով՝ շատ դեպքերում գործի դնելով «հոգեբանական թակարդներ» և առաջացնելով շահագրգռվածություն, որ «զոհը» րոպե շուտ նրանց տրամադրի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Ադ նպատակով, օրինակ, «գնորդն» առաջարկում է արագ վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով գինը, ինչը գայթակղում է վաճառողին՝ չմերժելու առաջարկը և տրամադրելու բանկային քարտի տվյալները:

Ընդ որում, հանցավորներն օգտագործում են բազմաթիվ անձանց տվյալներ, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ:

2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործության 145 դեպք, որոնցից միայն 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել՝ տրամադրված բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով:

Հարուցվել է 82 քրեական գործ, որոնցից բացահայտվել է ընդամնեը 2-ը:

Նշված հանցագործության դեպքերով պատճառված ընդհանուր վնասը կազվել է 18.147.818 ՀՀ դրամ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված եղանակով հափշտակությունների աճը պայմանավորված է հիմնականում տուժողների իրազեկված չլինելու, բանկոմատային դրամաշրջանառության համակարգերին, քարտերի կիրառման կանոներին բավարար չափով չտիրապետելու հանգամանքներով: Նպաստող գործոն է նաև հանցավորների վստահությունն առ այն, որ չվերահսկվող հաղորդակցման կապի միջոցներից օգտվելով, հափշտակված գումարները մի քանի հաշիվներ փոխանցելով, իրենց կատարած հափշտակությունները չեն բացահայտվի:

Ելնելով վերոգրյալից և հանցագործության այս սխեմայի կիրառման տարածվածությունից՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է/

  • Ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը, նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:
  • Վստահություն ներշնչող կապի ոլորտի կամ որևէ այլ կազմակերպության անվան ներքո առուվաճառքի էլեկտրոնային պայմանագրեր առաջարկվելու դեպքում տվյալ կազմակերպություններից նախապես հավաստիանալ նման էլեկտրոնային պայմանագրեր կնքելու ծառայության հնարավորություն ստեղծված լինելու առկայության մասին, այսինքն լրացուցիչ ճշգրող միջոցներ ձեռնարկել առաջարկվող համացանցային հղումների իսկությունը և վստահելիությունը պարզելու ուղղությամբ:
  • Քայլեր ձեռնարկել ապրանքի գնման առաջարկ անողների հետ հաղորդակցությունը շարունակելու վերահսկվող, անձի նույնականացման հնարավորություն տվող կապի միջոցներով և զգուշանալ դրանից խուսափողների հետ առցանց գործարքներ իրականացնելուց:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել