Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Վարչապետը շնորհավորել է դեսպան Արիսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման: «Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունն ու պատմական կապերը: Մենք հետևում ենք զարգացումներին և մաղթում, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը», – նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է ՀՀ կողմից 2019թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն:
Դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ իր համար՝ նաև որպես սիրիահայի պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայությունը: Նա Սիրիայի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ երկրին ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար և նշել, որ լավագույն ջանքերը կգործադրի փոխհարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ:
Զրուցակիցները կարևորել են սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական կապերի ամրապնդման գործում: Մտքեր են փոխանակվել համագործակցության օրակարգի և հեռանկարների շուրջ: