Ո՞վ է վճարելու անկանխիկ գործարքների դիմաց գանձվող միջնորդավճարները․ ԿԲ-ից պարզաբանում են

ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում: Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Կենտրոնական բանկից։

«Սակայն, առաջին հայացքից թվում է, թե անկանխիկի անցումն ինքնին ենթադրում է ծախս ու կարող է բերել գների բարձրացման և, բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե ապրանքների և ծառայությունների գները բարձրանա՞ն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ բուն անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման և դրանց սպասարկման ծախսերը, ինչպես նշվել է, զգալի չեն:

Միևնույն ժամանակ, առանձին տնտեսվարողներ կարող են որպես այս գործընթացի ապահովման ծախս ներկայացնել նաև վերջիններիս ստվերից դուրս գալու հետ կապված ծախսերը: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ նման զարգացումները տեղի են ունենալու հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ մրցակցությունը բավականին սուր է, այդ առումով մրցակցությունը պետք է, որ չհանգեցնի հավելյալ չհիմնավորված գնաճային երևույթների:

Չի բացառվում, սակայն, որ առանձին տնտեսվարողներ փորձեն բարձրացնել ապրանքների գները՝ հակամրցակցային համաձայնություների միջոցով: Նմանօրինակ չարաշահումներ նկատելու դեպքում հարկ է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով»,-նշվում է բանկի պարզաբանման մեջ:

Կենտրոնական բանկից հայտնել են նաև, թե որքան են կազմելու միջնորդավճարները։ Նշվում է, որ պետք է հաշվի առնել՝ առևտրային բանկերը գործում են ազատ մրցակցային դաշտում և ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները:

«Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ առևտրային բանկերը տվյալ ծառայությունները մատուցելիս ևս իրականացնում են բազմաթիվ ծախսեր, այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերին միջնորդավճարների վճարման, կիբեռանվտանգության պահպանման համար և այլն:

Ամեն դեպքում, Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, ներկայումս Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնում դրանց օպտիմալացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Օրենքի պահանջներին տնտեսվարողների՝ հնարավորինս անցնցում կերպով համապատասխանության ապահովման անհրաժեշտությունը:

Արդեն իսկ արձանագրվում է միջնորդավճարների նվազման միտումներ: Մասնավորապես, ծրագրին մասնակից բանկերում ArCa վճարային քարտերի համար միջնորդավճարը սահմանվել է 1%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտերի համար՝ 1.8%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտերի համար (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)՝ 2.5%:

Մյուս կողմից, հավատացած ենք, որ անկանխիկ գործառնությունների ծավալի աճին զուգընթաց կարող են ստեղծվել ավելի բարենպաստ պայմաններ միջնորդավճարները նվազեցնելու համար»,-հայտնում են Կենտրոնական բանկից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել