Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Վարդավառը կամ Վարդեվառը, (Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն) հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոնը, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո: Այս տարի այն նշվելու է հուլիսի 24-ին:

Վարդավառի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել: Այսպիսով՝ հուլիսի 25-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։

______

Հավելենք, որ Վարդավառին ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել