«Վան Քարտ» ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել

«Վան Քարտ» ընկերության նկատմամբ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով ՄՊՀ-ն վարույթ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 246-Ա որոշմամբ «Վան Քարտ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով իրավախախտումների վերաբերյալ։

Մասնավորապես որոշման համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունը, ի թիվս այլնի, առերևույթ դրսևորվել է ընկերության հետևյալ վարքագծով.

«OneCard» բջջային հավելվածում լիցքավորվող միավորներն անվանվել է կրիպտոուան («CryptoOne»), այնինչ այն կրիպտոարժույթ չէ:

Հայտարարվել է, որ սպառողը կարող է իր հաշվի դրական մնացորդն ավելացնել օրական 1%-ով, այնինչ հաշվի դրական մնացորդն ավելանում է ոչ թե 1%, այլ մինչև 1%-ով՝ մինչև 29-րդ օրը ներառյալ, որից հետո միավորների կուտակումը հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից դրական շարժն ապահովելու դեպքում:

Հայտարարվել է, որ «OneCard» հաշվում կուտակված գումարը հնարավոր է կանխիկացնել, այնինչ կանխիկացնել հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից ձեռք բերված էլեկտրոնային միավորները և իր ստացած «Сash Back» միավորները:

Մեկ «CryptoOne»-ի իրացման գինը սահմանվել է 2-3 ՀՀ դրամ, այնինչ կանխիկացման դեպքում մեկ «CryptoOne»-ը համարժեք է մեկ ՀՀ դրամի, իսկ դրանց կանխիկացումը զուգակցվում է բարձր միջնորդավճարների գանձումով:

Հրապարակվել է, որ «OneCard» բջջային հավելվածում կուտակված միավորներով օգտատերերը կարող են կատարել գնումներ ընկերության գործընկերներից, այնինչ գործնականում «OneCard» հաշվում կուտակված միավորներով գործընկերներից գնում կատարել հնարավոր չէ։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր.

«Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների եւ այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) եւ որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:

Քանի որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ, կարեւոր ենք համարում մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Վան քարտ» ՍՊԸ-ին չի տրամադրվել որեւէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետեւաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը եւ ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով։

Այս գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը հասանելի է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել