Գրիգոր Կարապետյանն այսօր ազատ չի արձակվի․ փաստաբան

«Դիմադրություն» շարժման կալանավորված անդամների մասին խոսելով փաստաբան Նարեկ Ալոյանը հայտարարել է, որ դատարանը մերժել է մեկի կալանավորման միջնորդությունը, 3 անձ ազատ են արձակվել, մեկն այսօր ազատ չի արձակվի։

Նա նշել է, որ հայտնի «չալիկի» գործով կալանավորված անձը` Գրիգոր Կարապետյանը, այսօր ազատ չի արձակվի։ Ավելի վաղ իրավապահ մարմինները հունիսի 3-ի ցույցերին մասնակցած մի տղամարդու մասնակցությամբ տեսանյութ էին տարածել, որի ձեռքին, ենթադրաբար, մուրճ է եղել։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Կարապետյանի ձեռքին ոչ թե մուրճ, այլ ձեռնափայտ է եղել։

«Կգա ժամանակ և վարույթ իրականացվող մարմինը հարկադրված կլինի հրապարակել այդ առարկայի լուսանկարը, այդ առարկան առգրավված է եւ գտնվում է քննչական մարմնում, զննվել է։ Կարծում եմ այդ հանգամանքով է պայմանավորված, որ նման մարտական ուղի անցած անձը այս պահին գտնվում է կալանքի տակ: Հունիսի 3-ին տեղի է ունեցել դեպքը, հունիսի 6-ին ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ենթադրյալ մուրճ օգտագործելու մասին, հունիսի 9-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որը ավելի ամբողջական է, քան ոստիկանության տեսանյութը: Տեսանյութում նանեւ երևում է, որ ոստիկանը ով խլում է քաղաքացու ձեռքից ձեռնափայտը, նույն ձեռնափայտով հարվածներ է հասցնում:

Ցանկանում եմ ընդգծել, որ այս գործով որևէ ձերբակալված ոստիկան չկա, ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, մինչդեռ համացանցում բազմաթիվ են տեսանյութերը, որոնցում կան քաղաքացիների ուղղությամբ շիշ, տարբեր առարկաներ նետող ոստիկաններ։ Ըստ էության գործ ունենք երկակի ստանդարտների հետ»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ են արձակվել մի շարք անձինք, որոնք կալանավորվել էին հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման երթին մասնակցելու համար։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների համար։

Այսօր ազատ է արձակվել 7 քաղաքացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել