Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։
Առանձին տարիներին հուլիս ամսին կարող են ակտիվանալ Սև ծովի կողմից եկող խոնավ և սառը օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի անկում և զգալի տեղումներ։
Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին:
Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։