Այսօր մենք այստեղ ենք մի շարք կարևոր հարցերի պատասխանելու, միասին որոշում ընդունելու ու առաջ գնալու․ այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Այդ որոշումները պետք է ապահովեն մեր շարժման հետագա ընթացքը, զարգացումը, նպատակների վերւնական իրագործումը։ Նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թրքացումը, չեզոքացնել սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար պետք է հեռացնել այս չարիքի իշխանությանը, ձևավորել ժամանակավոր կառավարություն։
Քանի դեռ վերը նշված հարցերը չեն լուծվել այս շարժումը դադար չունի, բայց սկզբի համար պետք է հասկանանք, թե ի՞նչ ունենք այս փուլում, որտեղ ենք հասել, ինչ բացթողումներ և ձեռքբերումներ կան, որոնք են ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները։ Կարևոր է հասկանալ, թե այս ընթացքում ի՞նչ է արել այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի, ես ուզում եմ լինել բաց և անկեղծ։ 2021 թվականից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, երբ երկրի գլխավոր պաշտոնը զբաղեցնող անձը երկրի թիվ մեկ ամբիոնից նվաստացնում էր Արցախը, Հայաստանը, հայ մարդուն, բայց դրան չէր հետևում հանրային արձագանք։ Ավելին, նա ասում էր՝ դրա համար մանդատ ունի։ Մենք ունեինք մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը կարծում էր, որ Հայաստանում վարվող քաղաքականությանը դիմադրող չկա։
Հասարակությունը մեր պայքարի արդյունքում զարթնեց, միայն պետական կուրությամբ տառապողը կարող է սա չնկատել։ Փակվեց այն հարցը, թե Հայաստանի և Արցախի անվտանգությունը հետաքրքրում է հանրության փոքր շերտին։ Այս օրերին հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց, եթե մինչ այդ մարդիկ հիասթափված էին, որ իրենք քիչ են համախմբված չեն՝ այա շարժումը համախմբեց շատերին։
Միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում և զիջում պարտադրել։
Այս հրապարակը այլևս գործոն է։
Թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։
Ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը։ Իշխանության միակ հենարանը ՔՊ-ի նեղ շրջանակն է և ոստիկանական բիտ ուժը։
Հանրային խոսույթում ձևավորվեցին այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն հայկական պետականությունների հիմքում։ Այն ձևավորվեց ձեր շնորհիվ և հանրային օրակարգ է»,-նշեց իշխան Սաղաթելյանը։