Որևէ հայի ցավ պատճառելն ինձ համար անթույլատրելի է․ Թևան Պողոսյան

Որևէ հայի ցավ պատճառելն ինձ համար անթույլատրելի է` լինի դա հայի թե որևէ այլ ազգության ներկայացուցչի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը։

«Իսկ ներելու պատրաստակամությունն սկսվում է հենց հայից, ոչ թե այլ ազգերի ներկայացուցիչներից։ Ներել իմանալու ունակությունը՝ նույնն է, ինչ սիրել իմանալը։

Արդյո՞ք գիտենք սիրել: Սիրու՞մ եք Երկիրը, եթե այո, ապա օգնեք պայքարող մարդկանց պահպանել և կառուցել հայկական պետականությունը։ Առանց Արցախի և ամուր անվտանգության ո´չ Երկիր կմնա, ո´չ էլ հայկական պետականություն»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ։

«Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով:

Այդ կոչերից անմիջապես հետո, ժամը 20:30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել են հասարակական անվտանգությունը:

Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունների արդյունքում ոստիկանության` չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից մի մասն այս պահին ստանում է ստացիոնար բուժում:

Հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել են այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ:

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով: Այս պահի դրությամբ ձերբակալվել է 13 անձ:

Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնել են Քննչական կոմիտեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել