DigiCode մրցույթի հաղթողները ստացան իրենց խրախուսական նվերները

Հունիսի 1-ին տեղի ունեցավ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա 7-րդ մրցույթի մարզային և հանրապետական փուլերում հաղթող մասնակիցների խրախուսական այցերը տարբեր կազմակերպություններ։

10-13 տարիքային խմբի հաղթող մասնակիցները «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ գիտության թանգարանում ծանոթացան էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող ցուցանմուշներին, այնուհետև այցելեցին Պլանետարիում Երևան։

14-ից բարձր տարիքային խմբի հաղթողները երկու խմբով այցելեցին Renderforest և Krisp ընկերություններ, որտեղ ծանոթացան նրանց արտադրանքին, հաջողության պատմությանը և գործունեությանը, ծանոթացան աշխատակիցների հետ։ Renderforest ընկերությունում աշակերտները ներկայացրին նաև իրենց կողմից՝ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում նախագծած սարքերը, մոդելները և անիմացիաները։

Ընկերություններ կատարած այցերից հետո երեխաները այցելեցին հրաձգարան, որտեղ իրենց կարողությունները փորձեցին հրաձգության մրցույթում։

Հունիսի 1-յան խորհրդանշական օրն ու DigiCode մրցույթի մարզային ու հանրապետական փուլերում հաղթող երեխաների խրախուսական այցերը համադրվեցին՝ մասնակիցների համար օրը դարձնելով իրական կրթական տոն։

Հիշեցնենք, որ 2022թ․ ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հանրապետական փուլը, որին մասնակցում էին 72 պատանի Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից, ինչպես նաև Ջավախքից և Հնդկաստանից։ Մրցույթն այս տարի իրականացվեց արդեն 7-րդ անգամ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից։ Այս ընթացքում մրցույթին մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ, որոնցից 50-ից ավելի թիմեր հաղթել են, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ և տարբեր տեսակի խրախուսումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել