ՄԻՊ-ը վատ բան չի տեսնում նրանում, որ ուսուցչուհին Ադրբեջանի մասին բաց դաս է անցկացրել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն Ազգային ժողովում այսօր անդրադարձել է Սևանի N4 հիմնական դպրոցում «Աշխարհագրություն» առարկայի բաց դասին, որտեղ ներկայացվել էր Ադրբեջանի և հարևան մյուս երկրների աշխարհագրական առանձնահատկությունները, մշակույթը, պատմությունը և ավանդույթները։

«Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկություն, նրանց ազգային առանձնահատկությունների վերաբերյալ պատմությունը, նաև խոհանոցը, ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ իր համար լրիվ տրամաբանական ու օգտակար է իմանալ հարևանների դրոշները, իմանալ հարևանների պատմությունը:

Նա համաձայն չէ այն դիտարկումներին, թե աշխարհագրության ուսուցիչը կարող է որևէ պետության վերաբերյալ փաստեր, այդ թվում դրոշը գաղտնի պահել:

«Չափազանց ամոթալի եմ համարում նման տեսակի թիրախավորումը, նման տեսակի նյութի մանիպուլյացիան երեխաների նկարներով կամ դրոշների նկարներով, դա շատ էժան մանիպուլյացիա է», – նշեց Գրիգորյանը:

ՄԻՊ-ը կոչ արեց որևէ կերպ քաղաքական խոսակցություններում չօգտագործել որևէ երեխայի պատկեր, որովհետև դա երեխայի շահից չի բխում: Քրիստիննե Գրիգորյանը հաստատեց, որ աշխարհագրության ուսուցիչն իր ազգականն է, բայց իր հետ որևէ բան չի խորհրդակցել: Նշենք, որ Սևանի N4 հիմնական դպրոցն այս թեմայի վերաբերյալ պարզաբանում էր տարածել ու շեշտել. «Ի վերջո, մեր սերունդը հնարավորինս պետք է ճանաչի իր թշնամուն․․․»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել