«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնեմ, որ մենք նոր նշանակում ունենք: Հովհաննես Մանուկյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն»,-այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը նշեց, որ բարդ աշխատանք ունեն անելու և ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է իրականացնեն, որպեսզի կարողանան չեզոքացնել տարբեր ռիսկեր:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:
Նրանք ձերբակալվել են: