ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն կարգադրիչները և ԶԼՄ ներկայացուցիչները

Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացնում են, որ տարեսկզբին ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողության շրջանակներում ԲԴԽ կատարած այցի ընթացքում արձանագրվել են որոշակի թերություններ և տեսչական մարմնի կողմից Խորհրդին առաջարկվել է խստագույնս պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված պահանջները. փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում ապահովել քաղաքացիների միջև սոցիալական 1.5 մետր հեռավորությունը:

«Ելնելով դրանից՝ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում որոշակի փոփոխություն է կատարվել, որը միտված է բարձրացնելու հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված քայլերի արդյունավետությունը:

Տեղեկացնում ենք, որ հունվար ամսից սկսած ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով:

Նիստերի լուսաբանման ձևաչափի հետ կապված սահմանափակումներ չկան:

Տեղեկացնում ենք նաև, որ կարգապահական վարույթների քննությամբ հետաքրքրվող անձանց համար ԲԴԽ-ում առանձնացվել է դահլիճ, որտեղ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել նիստերի ընթացքին․ աթոռները տեղադրված են այնպես, որ անձանց միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակների պատշաճ կրումը կլինի պարտադիր»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել