Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքում լրացում անել և սահմանել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 68 կողմ, 33 դեմ ձայն: Ի դեպ, նախագծին կողմ քվեարկեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/01/269610436_420575249847822_2033817661743758164_n-e1642663818485-440x293.png)
Քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, թե, նկատի ունենալով, որ նախագիծը վերաբերում է ԱԺ աշխատանքների կազմակերպմանը, ապա ավելի հիմնարար քննարկումների կարիք կա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հորդորեց նորից նայել իրենց խմբակցության հայտարարությունն առ այն, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
«Այս փոփոխությունը կատարվում է նրա համար, որ այս պահին խորհրդարանական ընդդիմությունը, չկարողանա քաղաքական շոուներ կազմակերպելով, փորձել խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը», – ասաց նա:
Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, վերջինիս թեկնածությանը, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ չէ: