Հունվարի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Միասնական աղոթքից հետո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրաշատ տոների առիթով՝ վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի Համակարգչային և ինժիներատեխնիկական սպասարկման բաժնի տնօրեն տիար Սմբատ Մարգարյանը:
Այնուհետև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունն իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին մանավանդ հետպատերազմյան այս դժվարին շրջանում նվիրումով, սիրով և նախանձախնդրությամբ իրենց պարտականություններն ու աշխատանքներն իրականացնելու համար, որի արդյունքում Հայոց Եկեղեցին կարողանում է առավել արդյունավետ կերպով իրագործել իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։
Խոսելով հայ ժողովրդի ու Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց Մայր Աթոռի աշխատակիցներին Քրիստոսի պատգամներով զորացած` հույսով ու հավատքով դիմակայել բոլոր փորձություններին ու դժվարություններին։
Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձավ տարվա ընթացքում նախանշվող կարևոր ծրագրերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունն իրենց ստեղծագործական կյանքում առավելագույն արդյունքներ արձանագրելու ի սեր հայ ժողովուրդի բարօր կյանքի, հայրենիքի զորացման և Եկեղեցու պայծառության: