Գագիկ Բեգլարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

Իրավաբան․net-ը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից տեղեկանում է, որ  Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Ըստ ծանուցման՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում նրանց պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, և արդյունքում կազմվել ամփոփագիր։

Գագիկ Բեգլարյանը, նրա կինը՝ Նունե Նիկոլյանը, զավակները՝ Հրանտ և Նատելլա Բեգլարյանները, դեկտեմբերի 27-ին հրավիրվել են դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով։

Նրանք պետք է ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Հիշեցնենք, որ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ԱԱԾ-ին է հանձնվել 57-ամյա Գագիկ Բեգլարյանը, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:

Նա չի կալանավորվել, այլ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել