Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարումը:
Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները).
ա) փաստաթղթի անվանումը.
բ) հերթական համարը.
գ) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
դ) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).
ե) տնտեսական գործառնության բովանդակությունը.
զ) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական և բնաիրային արտահայտությամբ.
է) պատասխանատու անձանց պաշտոնները և նրանց ստորագրությունները:
Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել հաշվապահական հաշվառումը կարգավորող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և (կամ) կազմակերպությունը:
Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:
Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, սահմանված կարգով և ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:
Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ և հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման տարին, ամիսը և ամսաթիվը: Դրամարկղային և բանկային փաստաթղթերում սխալների ուղղում չի թույլատրվում:
Հաշվապահական հաշվառումը կարգավորող Ֆինանսների նախարարությունը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձևերը կամ, օրենքին համապատասխան, դրանք սահմանել ինքնուրույն:
Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևեր: