Հանրապետության նախագահը
Հանրապետության Նախագահն իր հրամանագրով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը:
Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը
Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը կազմավորում է Հանրապետության Նախագահը:
Քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հանրապետության Նախագահը:
ՀՀ Կառավարությունը
Կառավարությունը`
1) ապահովում է կառավարության, նախարարությունների, կառավարման այլ մարմինների ակտերի համապատասխանեցումը Քաղաքացիության մասին ՀՀ օրենքին.
2) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ձևակերպման և դրանք քաղաքացիներին հանձնելու կարգը.
3) սահմանում է քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և նմուշները.
4) ընդունում է Քաղաքացիության մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող որոշումներ: Կառավարությունն իրավասու մարմինների միջոցով`
1) ընդունում է քաղաքացիության վերաբերյալ դիմումներ և այլ փաստաթղթեր, ստուգում դրանց իսկությունը և հիմնավորվածությունը.
2) քաղաքացիության վերաբերյալ դիմումները, միջնորդությունները և այլ փաստաթղթերը համապատասխան եզրակացություններով ուղարկում է Հանրապետության Նախագահին.
3) Հանրապետության Նախագահին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին.
4) կատարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.
5) Քաղաքացիության մասին ՀՀ օրենքին համապատասխան պարզում է անձանց պատկանելությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը: