Դատախազության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ համագործակցությունը

Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոնների մասին 2012 թվականի դեկտեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով անդրադարձ է կատարվել նաև դատախազության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ համագործակցությանը:

 Այսպես, դատախազությունը միասնական համակարգ է եւ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունն ապահովվում է ՀՀ գլխավոր դատախազության՝ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության համար պատասխանատու անձի (այսուհետ՝ Պատասխանատու անձ) միջոցով:

 Պատասխանատու անձ, հնարավորինս օպերատիվ, պետք է տեղեկացված լինի այնպիսի քրեական գործերի կամ դատախազական գործունեության արդյունքների մասին, որոնք հնարավոր է արժանանան հասարակության կամ միջազգային հանրության, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ուշադրությանը, ունենան հասարակական հնչեղություն:

 Դատախազության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների կողմից սահմանադրական լիազորությունների իրականացման, ինչպես նաև նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների, ամփոփումների վերաբերյալ, Կանոններին համապատասխան, զանգվածային լրատվության միջոցներին տեղեկություն տալու նպատակահարմարության, ժամկետի և ծավալի հարցը որոշում են այդ ստորաբաժանումները ղեկավարող դատախազները:

 Դատախազական գործունեությանը վերաբերող նյութերը հրապարակելու հարցը լուծելիս անհրաժեշտ է`

  • կշռադատված մոտեցում ապահովել հրապարակման ներկայացվող նյութերի ընտրության նկատմամբ,
  • խստորեն ղեկավարվել մարդու անձնական և ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից, պատիվն ու բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունքի հիմնադրույթներով,
  • ապահովել զանգվածային լրատվության միջոցներում լուսաբանման համար նախատեսված նյութերի ու տվյալների մանրակրկիտ ստուգումը՝ բացառելով պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների հրապարակումը,
  • զերծ մնալ կանխակալ կարծիք հայտնելուց։

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության անունից պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցներին են տրամադրվում բացառապես Պատասխանատու անձի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համաձայնությամբ:

 Պաշտոնական հաղորդագրությունների նախապատրաստման համար անհրաժեշտ նյութերը և դրանց նախագծերը մամուլի քարտուղարին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալները, դատախազության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները:

 Հրապարակման համար տրամադրված տեղեկատվության ճշգրտության համար պատասխանատվություն են կրում մամուլի քարտուղարին տեղեկություն տրամադրած անձինք:

 Մամուլի հաղորդագրությունները պատրաստելիս, հնարավորության դեպքում, կարող են ամբողջությամբ ներկայացվել կամ օգտագործվել մեջբերումներ՝ քրեական գործ հարուցելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներից կամ քրեական գործով ձեռք բերված այլ փաստաթղթերից, նյութերից՝ ապահովելով համապատասխան հղումը:

 Մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության համար նախատեսված` դատախազության գործունեությունը լուսաբանող նյութերը պետք է լինեն պատշաճ կարգով ստուգված և իրավաբանորեն անթերի:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել