ԱՁ-ի նկատմամբ կիրառվել է հարկային արտոնություն

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մ.Ա.-ի` 524 500 դրամ բռնագանձելու պահանջի մասին։ Սոցիալական ապահովության վճարի գծով պատասխանողի վճարման ենթակա գումարը 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012թթ-ին հաշվարկած ամսական նվազագույն սոց. վճարների հիման վրա կազմում է 350 000 դրամ, որը պետք է վճարվեր պետական բյուջե «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5֊րդ կետում սահմանված ժամկետում։ Նշված ժամկետից սոցիալական վճարի վճարումն ուշացնելու համար նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերության հիման վրա Պատասխանողից գանձվում է տույժ, որը տվյալ դեպքում կազմում է 174 500 դրամ։

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատերը` առանց ժամկետային սահմանափակման, իրավունք ունի օգտվելու վերը նշված օրենքով սահմանված արտոնություններից, իսկ այդ արտոնություններից օգտվելու դեպքում` ինչպես 2003-2005թթ. համար հաշվարկված, այնպես էլ 2006 թվականի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հաշվարկված ու չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունները (ապառք, տույժ, տուգանք) ենթակա են վերահաշվարկման այնպես, իբրև օրենքը կիրառվել է 2006 թվականի ընթացքում, որպիսի պարագայում պատասխանողը օրենքի ուժով ազատվում է 2003-2005թթ., ինչպես նաև 2006 թվականի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հաշվարկված ու չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարումից։ Դատաքննությամբ պարզվեց, որ պատասխանողը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դեռևս չի օգտվել այդ արտոնություններից:

Ուստի դատարանը որոշեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մ.Ավետիսյանի` 524 500 դրամ սոցիալական վճարը, որից 350 000 դրամ ապառք և 174 500 դրամ տույժ, բռնագանձելու մասին, մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել