Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:

«Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50 միլիոն դրամի չափով գրավով փոխելու մասին»,-ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ԱԱԾ-ին է հանձնվել 57-ամյա Գագիկ Բեգլարյանը, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել