Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասել է ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Դու դա պարտադրված էիր անել։ Քո հրաժարականը բացառապես ամիսներ շարունակ փողոցում ծավալված համառ և անզիջում պայքարի հետևանք է։
Սեփական ժողովրդին մանիպուլացնելու և մոլորեցնելու հերթական խղճուկ փորձերդ անխուսափելիորեն դատապարտված են տապալման։ Այո՛, և՛ Հայաստանում, և՛ Արցախում կա ապագա, բայց այդ ապագան բացառում է Նիկոլն ու նիկոլիզմը»,-նշել է նա։
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտնեց, որ հրաժարական է տալիս։
Նա նշեց, որ շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։
«Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, և սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ժողովրդին»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հրաժարական է տալիս, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր քաղաքական ուժը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է այդ ընտրություններին և ինքը լինելու է կուսակցության վարչապետի թեկնածուն:
Նշենք, որ 2 անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը կարձակվի։