Օրենքի խախտմամբ՝ ընկերությունից պահանջում են վճարել 20 մլն դրամ տուգանք

«Մոկոնաթ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` 2011 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 391-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Լուծվող սուրճի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Հանձնաժողովը 2010 թվականի օգոստոսի 3-ի` «Լուծվող սուրճի և սուրճի հիմքով պատրաստի արտադրանքի ներկրման, իրացման և արտահանման ոլորտում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու մասին» թիվ 180-Ա որոշմամբ դիմել է նշված ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնելու տեղեկատվություն իրենց կողմից իրականացված գործունեության վերաբերյալ: Հանձնաժողովը դիմել է Ընկերությանը` պահանջելով ներկայացնել 2009 թվականի հուլիսի 01-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից լուծվող սուրճի և սուրճի հիմքով պատրաստի արտադրանքի ներկրման, իրացման և արտահանման ոլորտում իրականացված գործունեության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Հանձնաժողովի նախագահի 2010 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 85-Ա հրամանի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ներկայացված տեղեկատվության հավաստիության թեմատիկ ստուգում, որի արդյունքում 2010 թվականի հոկտեմբերի 18-ին կազմվել է համպատասխան ակտ:

Հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 26-ի թիվ 48-Ա որոշմամբ Ընկերությունը համարվել է գերիշխող դիրք ունեցող: Այուհետև Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 25-ի թիվ 196-Ա որոշմամբ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Արդյունքում Հանձնաժողովի Որոշմամբ Ընկերության կողմից խտրական գներով լուծվող սուրճի իրացումը, ինչպես նաև զգալի քանակությամբ լուծվող սուրճի գների չհիմնավորված բարձրացումը (չհիմնավորված գների կիրառում) համարվել է գերիշխող դիրքի չարաշահում, որպիսի փաստի հիմքով Ընկերությունը ենթարկվել է պատասխանատվության. նրան առաջադրվել է տուգանք 20.000.000 ՀՀ դրամի չափով:

Հայցվորի խոսքով՝ գերիշխող դիրք ունենալու մասին Հանձնաժողովի որոշմանը նախորդող ժամանակահատվածում թույլ տրված ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահման համար Ընկերության նկատմամբ պատասխանատվություն կիրառելով` Հանձնաժողովը գործել է ոչ իրավաչափորեն:

Դատարանն ամրագրում է, որ բացառապես գերիշխող դիրք ունենալու վերաբերյալ համապատասխան որոշման (իրավական ակտի) ուժի մեջ մտնելու պահից` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից է հասցեատիրոջ համար ծագում որոշված ապրանքային շուկայում գործունեություն ծավալելու հնարավորության սահմանափակման փաստը, և ըստ այդմ` տվյալ տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունը թույլ չտալու գերիշխող դիրքի չարաշահում: Այնուամենայնիվ, քանի դեռ տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրք ունենալը չի ամրագրվել համապատասխան որոշմամբ, այսինքն` չի ամրագրվել տվյալ տնտեսվարողի կարգավիճակը` որպես գերիշխող դիրք ունեցողի, այդ տնտեսվարող սուբյեկտն օբյեկտիվորեն չի կարող ենթադրել, որ համապատասխան ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

Դատարանը փաստում է, որ գերիշխող դիրք ունենալու մասին Հանձնաժողովի որոշման ուժի մեջ մտնելու պահին նախորդող ժամանակահատվածում թույլ տրված ենթադրյալ իրավախախտման համար Ընկերության նկատմամբ պատասխանատավություն կիրառելով` Հանձնաժողովը տվել է հետադարձ ուժ, այնինչ հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Դատարանը վճռեց «Մոկոնաթ» ՍՊԸ-ի հայցը բավարարել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել