ՕՀՎ աշխատակիցները անհիմն էին կանգնեցրել մեքենան

«Մենուա ասոցիացիա» ՍՊ ընկերությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ կողմից 19.07.2011թ. կազմված թիվ 1108335 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի ՀՏ-ն հակընդդեմ հայց էր ներկայացրել ընդդեմ «Մենուա ասոցիացիա» ՍՊԸ` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 127.890 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի ՀՏ-ի կողմից, համաձայն 21.06.2011թ-ի թիվ 1108335 հանձնարարագրի, իրականացվել է առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների ու դրանց գների գրանցման ճշտության ստուգում։ Ստուգման արդյունքներով արձնագրվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջների խախտում և առաջադրվել է 127.890 դրամ տուգանք։

Հայցվորի խոսքով՝ ակտի տեքստից երևում է, որ խախտում արձանագրելու համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ-ի 06.06.2011թ. թիվ տ-5411/14-5 գրությունը, ըստ որի՝ «Մենուա ասոցիացիա» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես Վիտո» ավտոմեքենայով 04.06.2011թ. կատարվել է ընկերության ապրանքների տեղափոխում, ժամը 13։40 տեղափոխվող ապրանքների հետ հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթուղթ չի եղել։
Նշված օրը ՕՀՎ աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան և պահանջել բեռն ուղեկցող փաստաթղթեր, սակայն իրենց վերահսկողական գործողությունների հիմք հանդիսացող որևէ հանձնարարագիր չեն ներկայացրել։ Հետևաբար, ՕՀՎ աշխատակիցների գործողությունները եղել են ապօրինի, իսկ այդ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորության առաջադրման համար՝ համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, որով սահմանաված է. «Հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար»։

Դատարանը հարկ է համարել նշել, որ ապրանքների տեղափոխումը (տնտեսական տեղաշարժ) տնտեսավարող սուբյեկտի մոտ չի առաջացնում որևէ հարկային պարտավորություն, հետևաբար հաշիվ-ապրանքագրի բացակայությունն էլ ոչ մի դեպքում չի կարող հանդիսանալ հարկային պարտավորությունները պատշաճ չկատարելու կամ այլ կերպ ասած, դրանից խուսափելու միջոց։
Սույն գործով ներկայացված հակընդդեմ հայցով տեսչությունը պնդում է, որ տեղափոխվող ապրանքը 07.06.2011թ. հայցվոր ընկերության կողմից վաճառվել է «Արագիլ գարնան» ՍՊԸ-ին` 511.560 դրամ ընդհանուր արժեքով։ Դատարանն անհրաժեշտ է համարել տվյալ պարագայում նշել, որ 19.07.2011թ. թիվ 1108355 ակտի կազմման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ 06.06.2011թ. թիվ տ-5411/14-5 գրությունը, համաձայն որի հայցվորի կողմից ապրանքների տեղափոխումը տեղի է ունեցել 04.06.2011թ.։ Այսինքն, հենց ստուգման ակտից է ակնհայտ, որ ակտով նկարագրված ապրանքի տեղաշարժը, որը կատարվել է 04.06.2011թ. կապված չի եղել դրանց վաճառքի հետ (դրանք վաճառվել են 07.06.2011թ.)։

Դատարանը գտավ, որ թիվ 1108335 ստուգման ակտը կազմվել է սույն վճռով դատարանի կողմից մեջ բերված իրավական ակտերի սխալ մեկնաբանման և սխալ կիրառման արդյունքում, հետևաբար այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է անվավեր ճանաչման։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել: Ինչ վերաբերվում է հակընդդեմ հայցին, ապա այն հայցի բավարարման պայմաններում ենթակա է ամբողջությամբ մերժան։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել