Դատապարտյալի կողմից պատճառված վնասի համար կվաճառե՞ն բնակարանը

Ալվինա Մ.-ն և Անահիտ Մ.-ն դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել են անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի 22.11.2010 թվականի թիվ 02-1734/10 վերսկսված կատարողական վարույթի հիման վրա Աշտարակ քաղաքի X հասցեի բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վարչական ակտը և որպես հետևանք հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրականացված Աշտարակ քաղաքի X հասցեի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը։ Որպես պահանջի հիմք նշվել է նաև, որ Հայցվորները չեն ստացել հարկադիր կատարողի՝ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը։

Հայցվորները դատաքննության ժամանակ հայտնել են, որ Գոհար Գ.-ն դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան և հայտնել, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 19.10.2007 թվականի դատավճռով որոշվել է համապատասխանող` Ազատ Մ.-ից հօգուտ իրեն բռնագանձել հանցագործությամբ նրան հասցված 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վնասը։ Իր հայցադիմումում նա նշել է, որ դատապարտյալ Ազատ Մ.-ի ք.Աշտարակ X հասցեի բնակարանում համասեփականությամբ պատկանող բաժինն առանձնացնելու պահանջով 08.05.2008 թվականին հայց է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան և որ 21.08.2008 թվականին քաղաքացիական գործով կայացված վճռով դատարանը մերժել է իր պահանջը՝ նշելով, որ համաձայն փորձագիտական եզրակացության՝ հնարավոր չէ առանց գույքին վնաս պատճառելու վերոնշյալ բնակարանից առանձնացնել Ազատ Մ.-ի բաժինը։

Հայցվորը 20.10.2008 թվականին հայց է ներկայացրել դատարան և պահանջել համասեփականությամբ պատկանող բնակարանը սակարկություններով վաճառելու և փոխհատուցել իր կրած վնասը։

Դատարանը գտել է, որ էլեկտրոնային աճուրդով գույքն իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշումը Ալվինա Մ.-ի կողմից ստացված չլինելու պայմաններում խախտվել են վերջինիս` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասով, նույն օրենքի 28-րդ հոդվածի չորրորդ մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի երրորդ մասով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքները։ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` նույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր։ Նույն օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ մասի համաձայն` աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր։

Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներով դատարանը գտել է, որ դատաքննությամբ չի հիմնավորվել Ալվինա Մ.-ի կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումն ստանալու, ինչպես նաև կատարողական վարույթի ընթացքում որևէ որոշման կամ գործողությունների մասին վերջինիս ծանուցելու փաստը, ուստի հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացվել է վերը նշված օրենքների պահանջների խախտմամբ։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել