Բնապահպանները Եղիա Ներսիսյանի նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը ահաբեկչություն են որակում

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի իրականացվող դատական հետապնդումը ահաբեկչություն է:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Մեր գնահատմամբ` կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը որակվում է որպես ահաբեկչություն:

Տարբեր օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերությունները տեղական արտադրության կոռումպացված պաշտոնյաների հետ միասին «օրենքով սահմանված կարգով» բացահայտ թալանում են Հայաստանի ընդերքը, ճորտատիրական կարգերին բնորոշ մեխանիզմներով շահագործում են բնակչությանը՝ աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ նրանց ստիպելով լռել և համակերպվել:

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ընդերքի բնական պաշարներից հայ ժողովրդին բաժին է հասնում դրա միայն չնչին մասը: Հայաստանի ընդերքը բզկտող օտարածին ընկերությունները մեր ամբողջ հարստությունը հումքային վիճակում արտահանում են տնտեսապես զարգացած պետություններ՝ մեզ ստիպելով մնալ նախաինդուստրիալ, տնտեսապես թույլ և հավերժ աղքատ վիճակում՝ թողնելով իրենց իսկ ստեղծած պարտքային ստրկության ու թունավոր շրջակա միջավայրի մեջ:

Օտար կապիտալի ազդեցությունը Հայաստանում հասել է այն աստիճանի, որ Համաշխարհային բանկն արդեն բացահայտ միջամտում է Հայաստանի ինքնիշխանության հիմնասյուներից մեկի՝ օրենսդիր գործունեության իրականացմանը՝ իր ֆինանսական շահերից բխող կամքը թելադրելով ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքի մշակման ընթացքում:

Մեզ պատկանող հարստության բացահայտ թալանի դեմ մարդկանց բողոքի ձայնը լռեցնելու համար օտար ընկերությունները որդեգրել են «օրինականացված ահաբեկության» լկտի եղանակ. դատական հետապնդման սպառնալիքի տակ ստիպել, որ հանրության ակտիվ հատվածը այդ ընկերություններում աշխատողների պես չհամարձակվի արտահայտվել:

Եղիա Ներսիսյանի դեմ իրականացվող հետապնդումը ոչ այլ ինչ է, քան կանադական ընկերության կողմից իրականացվող ահաբեկչական գործողություն՝ փաթեթավորված օրենքով նախատեսված եզրույթներով: Այս դեպքից հետևում է, որ մեր ընդերքը շահագործող մասնավոր ընկերությունների հետապնդումներից խուսափելու համար անհետաձգելի առաջնահերթություն է բնական պաշարների ազգայնականացման հարցը:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու օտար շահագործողներից մեկի՝ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության թողած ողջ «աղբը» բացահայտելու և նրա դեմ իրավական գործընթաց սկսելու համար»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել