Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով պատիժը կրելու ժամանակահատվածում նրա վարքագիծը և պատճառված վնասը հարթելու հանգամանքը: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:
Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով միայն դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո:
Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ:
Ի դեպ, ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:
Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
Աղբյուրը` Իրավաբան.net