Ծառի պատճառով վարորդին պատասխանատվության էին ենթարկել

Հրանտ Մաղաքելյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 27.07.2012թ. թիվ 1200175991 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հրանտ Մաղաքելյանը, դիմելով Դատարան, հայտնել է, որ 01.08.2012թ. փոստային առաքումով ստացել է ՀՀ ճանապարհային ոստիկանության 27.07.2012 թվականի թիվ 1200175991 որոշումը, ժամը 08։02-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի տեսախցիկը արձանագրել է խախտում՝ գերազանցել էր 40կմ/ժ սահմանված արագությունը 25 կմ/ժ-ով։ Գտնում է, որ խախտման մեջ բացակայում է կազմը, այն պարզ պատճառով, որ 40 կմ/ժ արագությունը սահմանափակող «Առավելագույն արագության սահմանափակում» 3.24 նշանը տեսանելի չէր՝ տեղադրված է այնպես, որ ծածկված էր ծառի սաղարթով։ 29.05.2012թ. կատարվել է ծառահատում նշանը տեսանելի դարձնելու համար։ Ստանալով որոշումը` 03.08.2012թ. դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ ՃՈ պետ Ա. Գալստյանին` որոշումն անվավեր ճանաչելու խնդրանքով։

Համաձայն «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ 29.06.2012 թվականի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին ուղղված թիվ Ել N 82 գրության՝ ք.Երևանի Ռուբինյանց փողոցից դեպի Դ.Անհաղթ փողոցի երթևեկության ուղղությամբ տեղադրված 1.23 (երեխաներ), 3.24 (առավելագոuյն արագության սահմանափակում 40կմ/ժ) ճանապարհային նշանների, արագաչափ սարքի և ցուցանակի տեսանելիությունը սահմանափակող ծառերի ճյուղերի հեռացումը «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ-ի կողմից իրականացվել է 29.05.2012 թվականին։

Սույն վարչական գործով այն հանգամանքը, որ Հրանտ Մաղաքելյանի համար «Առավելագույն արագության սահմանափակում 40կմ/ժ» արգելող նշանը տեղակայված չի եղել այնպես, որպեսզի վերջինիս համար լինի տեսանելի, փակված է եղել խոչընդոտ հանդիսացող ծառերի ճյուղերով, հաստատվել է ինչպես դատաքննության ընթացքում կողմի տված բացատրություններով, այնպես էլ Դատարանին ներկայացված գրավոր ապացույցներով, որպիսիք են հանդիսանում լուսանկարները և 29.06.2012 թվականի «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ կողմից ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին ուղղված թվով երկու Ել N 81 և N 82 գրությունները։

Սույն գործով դատարանը հայցը բավարարել և անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ 27.07.2012թ. թիվ 1200175991 որոշումը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել