Երևան քաղաքի բնակիչ Գուրգեն Բաղդասարյանին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ կնոջ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար:
Ըստ մեղադրանքի՝ նա 2012թ. հուլիսի 25-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր կնոջ` Մերի Հակոբյանի հետ, որի ընթացքում ապակե բաժակով հարվածել է Մ.Հակոբյանի ձախ ձեռքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ, առողջության կարճատև քայքայումով:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, գործը քննելով, վճռել է տուգանել Գուրգեն Բաղդասարյանին:
Տեղեկացնենք, որ ըստ քրեական օրենսգրքի 117 հոդվածի՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net