Պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակից ժամը 13։01-ին փրկարարները դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։
Այս մասին հյատնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, վաղ առավոտյան պայթյուն է եղել Քանաքեռ-Զեյթյուն վարչական շրջանում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում։ Նախնական տվյլաներով պայթյունը եղել է գազի արտահոսքից։ Շենքը մասնակի փլուզվել է։
Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Տուժողներից մեկը կին է (ծնված 1949 թ․), նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը` տղամարդ (մոտ 50 տարեկան), ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Քաղաքապետի հանձնարարականով տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով։