Ստեփանավանի ՔԿԱԳ-ի տարածքային բաժնի պետին ապօրինի էին ազատել աշխատանքից

Օֆելյա Վահանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ընդդեմ` Ստեփանավանի քաղաքապետարանի՝ խնդրելով անվավեր ճանաչել Ստեփանավանի քաղաքապետի` 23.12.2011թ. թիվ 39 կարգադրությունը և ատեստավորման արդյունքների վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովի որոշումը և պարտավորեցնել ընդունել իր համար բարենպաստ վարչական ակտ` իրեն աշխատանքի վերականգնելու մասին:

Օֆելյա Վահանյանը ներկայացրած հայցադիմումով դատարանին հայտնել է, որ 1999 թվականից աշխատել է Ստեփանավանի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ: 23.12.2011թ. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մասնակցել է հերթական ատեստավորման, ինչն անցկացվել է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի: Ատեստավորման թեստավորման փուլում, թեստավորման առաջադրանքների` 92,5%-ին ճիշտ պատասխանելով անցել է թեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ: Հարցազրույցի փուլում Հանձնաժողովը որոշել է, որ ինքը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին: Մինչդեռ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի` 11.09.2006թ. թիվ 15-Ն հրամանով սահմանված կարգի 64-րդ կետի համաձայն, համայնքային ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Իրեն ատեստավորման հարցազրույցի փուլում քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառից որևէ հարց չի տրվել: Հանձնաժողովի` իր զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշմանը ծանոթանալուց հետո, սահմանված կարգով բողոքարկել է: 26.12.2011թ. նույն բովանդակությամբ գրավոր բողոք ներկայացրել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում: Չսպասելով ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի եզրակացությանը, նույն օրը` 26.12.2011թ. Քաղաքապետն իր ապօրինի` թիվ 39 կարգադրությամբ, իրեն ազատել է աշխատանքից` պաշտոնին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

25.01.2012թ. ստացել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ` Վաչե Տերտերյանի` 23.12.2011թ. դիմում-բողոքի վերաբերյալ պատասխանը, կից ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ` Ա. Գևորգյանի համապատասխան հանձնարարականը Լոռու մարզպետին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության համայնքային ծառայության հարցերի վարչության պետի զեկուցագիրը, որտեղ նշված է, որ տրված հարցերը և հնչեցված պատասխանները հնարավորություն չեն ընձեռում ստուգել իր` իբրև քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետի, գործնական կարողությունները և քանի որ ատեստավորման հարցազրույցի փուլն անցկացվել է սահմանված կարգի խախտմամբ, արդյունքների քննությամբ հնարավոր չէ պարզել իր` զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը:

ՀՀ վարչական դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ Հանձնաժողովը Օֆելյա Վահանյանի ատեստավորման հարցազրույցի փուլն անց է կացրել Կարգի 64-րդ կետի պահանջների խախտմամբ, քանի որ հարցազրույցի փուլում Հանձնաժողովի կողմից Օֆելյա Վահանյանին տրված 6 հարցերից երեքն է տրվել նրա պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում: Բացի այդ, Օֆելյա Վահանյանին չեն տրվել` իր կատարած աշխատանքների մասին ներկայացրած վերջին կիսամյակային հաշվետվություններին առնչվող հարցեր:

Դատարանը արձանագրել է նաև, որ Օֆելյա Վահանյանի կողմից ներկայացված պարտավորեցման հայցն առարկայազուրկ է, քանի որ մինչև Քաղաքապետի` 26.12.2011թ. թիվ 39 կարգադրության ընդունումը, Օֆելյա Վահանյանն աշխատել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ստեփանավանի տարածքային բաժնի պետի պաշտոնում, իսկ Քաղաքապետի` 26.12.2011թ. թիվ 39 կարգադրությունն անվավեր ճանաչելու դեպքում, ըստ էության, նա համարվում է աշխատանքից չազատված, որպիսի պարագայում բացակայում է` նրան աշխատանքում վերականգնելուն պարտավորեցնելու անհրաժեշտությունը:

Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի. անվավեր ճանաչել` ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի` 23.12.2011թ. թիվ 2 որոշումը: Անվավեր ճանաչել` ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետի` 26.12.2011թ. թիվ 39 կարգադրությունը: Օֆելյա Հայրիկի Վահանյանի հայցը մնացած մասով մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել