2020թ. օգոստոսի 10-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է դիմել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակիչը, և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում՝ վայր ընկնելու հետևանքով:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող հողատարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակչին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակչը ճանաչվել է տուժող:
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ տուժողի 34-ամյա համագյուղացին ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ կասկածյալի մասնակցությամբ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը, առգրավվել են դեպքի կատարման պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա եղել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: