Կենսաթոշակի չափը չի ավելանա. Սա է օրենքի պահանջը

Գառնիկ Ավանեսի Գևորգյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ ինքը ծնվել է 1938 թվականին։ Ներկայումս ստանում է 34.546 ՀՀ դրամ թոշակ, որն իր ապրուստի միակ միջոցն է։ Ինքը 1953 թվականից աշխատել է Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի նախկին «Պրոլետար» կոլտնտեսությունում` որպես շարքային կոլտնտեսական, բայց թոշակի անցնելու ժամանակ աշխատանքային ստաժը հաշվել են 1964 թվականից, քանի որ Անգեղակոթ գյուղի 1953-1958 թվականների արխիվը չի պահպանվել։

Խնդրել է հաստատել, որ ինքը 1953 թվականից մինչև 1958 թվականն աշխատել է Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի նախկին «Պրոլետար» կոլտնտեսությունում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքները կարող են ծագել քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-190-րդ հոդվածների համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումները դատարանի կողմից քննության են առնվում, եթե դրանք առաջացնում են իրավական հետևանքներ և եթե դիմողները հնարավորություն չունեն արտադատարական կարգով ստանալու կամ վերականգնելու այդպիսի փաստերը հաստատող փաստաթղթերը։

Նույն օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատելու ապացույցներ։

«Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` տարիքային կենսաթոշակի իրավունք ունի 63 տարին լրացած անձը՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում։

Նույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` մինչև օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած՝ նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելը հաստատող փաստաթուղթը։ Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը

հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով։ Պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում։ Դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի։

Այսինքն դատական կարգով հաստատման ենթակա է պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժի պակասող մասը, իսկ դիմումատուի ստաժը կազմում է 38 տարի, 3 ամիս, 13 օր։

Փաստորեն, պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժն արդեն առկա է, հետևաբար դիմումատուի 1953 թվականից մինչև 1958 թվականի ստաժը դատական կարգով հաստատման ենթակա չէ։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել