Զանգահարել է 1-02 հեռախոսահամարին և կեղծ տեղեկություն տրամադրել

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Էրի Ե.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 17.30-ին, իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 հեռախոսահամարին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, հայտնել է, որ Արտաշատ քաղաքում 4 անծանոթ անձիք մահակներով զինված սպառնացել են իրեն, հափշտակել իր բջջային հեռախոսը և 5000 ՀՀ դրամը և մոտ 2 ժամ սահմանափակել են իր ազատությունը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել