Նախկին ոստիկանը թմրանյութ է օգտագործել և ազատվել աշխատանքից

Հայցվոր Արտյոմ Քաջիկի Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության` Ոստիկանության աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի աշխատավարձի վճարման պահանջների մասին:

Հայցվորը ՀՀ ոստիկանությունում աշխատել է 1997թ.-ից, վերջին զբաղեցրած պաշտոնը եղել է ՊՊԾ գնդի 1-ին վաշտի 2-րդ դասակի, ջոկի հրամանատարի պաշտոնը։

Ոստիկանության ծառայողների ամենամյա բուժկանխարգելիչ քննության ժամանակ 06.06.2012թ-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա` Արտյոմ Քաջիկի Վադանյանի մեզի մեջ հայտնաբերվել է կանաբիսի խմբի թմրամիջոցների հետքեր։

Նշված հանգամանքը հաստատելու համար մեզը ուղարկվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Նարկոլոգիկան կլինիկա հետագա հետազոտման համար։

Փորձանմուշում հայտնաբերվել են կանաբիսի խմբի թմրամիջոցների թմրալկալոիդների հետքեր։

ՀՀ ոստիկանության պետի 27.07.2012թ. թիվ 3053-Ա հրամանի համաձայն`«Վարչական իրավախախտումների վերաբերյալ » ՀՀ օրենսգրքի 44.2 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու` առանց բժշկի նշանակման թմրամիջոց գործածելու համար, համաձայն «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 8-րդ և 3-րդ մասի 5-րդ կետերի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 1-ին վաշտի 2-րդ դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Արտյոմ Քաջիկի Վարդանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։

Դատարանը, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքերը, գտել է, որ հայցվոր Արտյոմ Վարդանյանի կողմից չեն ներկայացվել իր կողմից թմրամիջոցներ օգտագործելու փաստը բացառող բավարար և արժանահավատ ապացույցներ, որոնք հիմք կհանդիսանային հայցը բավարարելու համար, մասնավորապես, գործում առկա են տարբեր ժամանակաընթացքում և իրարից անկախ փորձագետների կողմից տրված երկու եզրակացություններ, որոնցով հաստատվում են Արտյոմ Վարդանյանի մեզի և մազի փորձանմուշում կանաբիսի խմբի թմրամիջոցների թմրալկալոիդների հետքերը։

Հաշվի առնելով վերոգրյալը` դատարանը նախկին ոստիկանի հայցը մերժել է:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել