Նախկին դատախազն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության. Ի՞նչ է պահանջում

Շալիկո Փիրուզյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ գլխավոր դատախազության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և դատախազությանը 2003թ. հուլիսի 1-ից մինչև 2008թ. հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում աշխատավարձի վերահաշվարկ կատարելուն և 1.920.000 դրամի չափով չվճարված աշխատավարձ վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

«Դատախազության մասին» ՀՀ օրենքում (03.08.1998թ.) փոփոխություններ կատարելու մասին (26.12.2002թ.) ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 1-ից։ 1998 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքը գործել է մինչև 2008թ. հունվարի 1-ը։ «Դատախազության մասին» 1998թ. ՀՀ օրենքում 26.12.2002թ. կատարված փոփոխությունով դատախազության աշխատակիցներին երկարամյա ծառայության համար տրվող հավելավճար է սահմանվել իրավաբանի մասնագիտության աշխատանքային ստաժի համար՝ պաշտոնային դրույքաչափի 3-ից 25 տոկոսի չափով, իսկ մինչ այդ նույն օրենքի նույն հոդվածով սահմանված է եղել հավելավճար դատախազությունում երկարամյա ծառայության համար 5-ից 40 տոկոսի չափով։

Հայցվորը դատախազությունում աշխատել է 1985 թվականից մինչև 2007թ-ի հուլիս ամիսը։ 2003թ-ի հուլիսի 1-ից 2007թ-ի հուլիս ամիսը աշխատել է որպես Ավան և Նոր–Նորք համայնքների դատախազի ավագ օգնական, իմ պաշտոնական դրույքը կազմել է 100 հազար դրամ, որին հաշվարկվել է 25 տոկոս հավելավճար, մինչդեռ երկարամյա ծառայության համար պետք է հաշվարկվեր 65 տոկոսի չափով։

Դատարանի եզրահանգմամբ՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերում որևէ լրացում չի կատարվել, դրանք միայն ենթարկվել են փոփոխության, որի արդյունքում նախկինում գործող երկարամյա դատախազության ծառայության համար հավելավճարը փոխվել է իրավաբանի մասնագիտությամբ ծառայության հավելավճարի։

Նման պայմաններում, Դատարանը գտավ, որ Հայցվորի աշխատավարձը հաշվարկվել և վճարվել է իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հետևաբար հայցն անհիմն է և ենթակա է մերժման։

Ներկայումս սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել