ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է պատասխանող «ՍՊՍ Սիգարոն» ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Պողոսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 10.728.360 ՀՀ դրամ։ Սեյրան Պողոսյանը, դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով խնդրել է հաստատել ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից վարչական տույժ նշանակելու մասին 04.02.2011 թվականի թիվ 02 որոշման անհիմն լինելը։
2011 թվականի հունվարի 18-ի թիվ 108 ստուգման ակտով և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ արձանագրվել է, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` ընկերության թվով 115 աշխատողների 2010 թվականի մայիսից նոյեմբեր ամիսների աշխատավարձը` ընդհանուր գումարով 48.141.018 ՀՀ դրամ, վճարվել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին։
2010 թվականի ապրիլի 1-ից 2010 թվականի հունիսի 15-ն ընկերության տնօրենի պարտականությունը կատարել է փոխտնօրեն Խաչատուր Աթանեսյանը։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 09.04.1999 թվականի թիվ 02Ա 044941 վկայականին կից 26.11.2008 թվականի թիվ 006 ներդիրի համաձայն` ընկերության տնօրեն է հանդիսանում պատասխանող Սեյրան Պողոսյանը, ով 2010 թվականի հունիսի 15-ից վերադարձել է ամենամյա արձակուրդից և ստանձնել է տնօրենի պարտականությունները։ 2010 թվականի հունիսից 2010 թվականի նոյեմբեր ամիսներին ընդհանուր գումարով 42.913.441 ՀՀ դրամ աշխատավարձը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամատների խախտումով, վճարվել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը։ Գործի քննությամբ, մասնավորապես` ՀՀ աշխատանքի պետական տեսչության 04.02.2011 թվականի թիվ 02 որոշման 2-րդ կետով հիմնավորվել է, որ Սեյրան Պողոսյանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասի պահանջները խախտելու համար, այն է` 2010 թվականի հունիսից նոյեմբեր ամիսների աշխատավարձը` ընդհանուր գումարով 42.913.441 ՀՀ դրամ, 2010 թվականի դեկտեմբերի 30-ին վճարելու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.8-րդ հոդվածով ենթարկվել է վարչական տույժի՝ չվճարված աշխատավարձի 1/4 չափով` 10.728.360 ՀՀ դրամ վարչական տուգանքի։
Ուստի դատարանը վճռեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության հայցը բավարարել, իսկ Սեյրան Պողոսյանի հակընդդեմ հայցը մերժել: Սեյրան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.728.360 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ աշխատանքի պետական տեսչության 04.02.2011 թվականի թիվ 02 որոշման 2-րդ կետով նշանակված տուգանքի գումար։
Ներկայումս գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net