Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է․ Արման Թաթոյանը՝ Մեծամորի ԱԵԿ-ի հրթիռակոծության ենթարկելու մտադրության մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է․ «Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):

Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար:

Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է:

Սա ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում է միջազգային հանրային իրավունքի հիմքերը: Այսպիսի մտադրություններն անգամ խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը քաղաքացիական բնակությանն ահաբեկելուն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը խարխլող այս հայտարարությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել