Հիշե´ք, անցած ժամանակահատվածի համար ալիմենտ բռնագանձելն այդքան էլ հեշտ չէ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել հետևյալ քաղաքացիական գործով:
Այսպես.
Արմեն Հարությունյանը և Աիդա Դարբինյանը համատեղ ամուսնական կյանք չեն վարում, երեխաները գտնվում են հոր` Արմեն Հարությունյանի խնամքին:
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածի 1-ին մասի երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով` հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով, … սույն մասով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71 հոդվածի 1-ին մասի համաձայն ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և’ դրամական կայուն գումարով, և’ բաժիններով:
Սույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`
բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով:
Տվյալ դեպքում, հայցվորի կողմից դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել պատասխանողի աշխատելու և կանոնավոր վաստակ ունենալու վերաբերյալ, իսկ պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում նշել է, որ չի աշխատում և չունի կանոնավոր վաստակ:

Նման պայմաններում, դատարանը գտնում է, որ սույն վեճի համար կիրառելի է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71 հոդվածը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71 հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

Դատարանը հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, ելնելով երեխայի շահերից, նաև հաշվի առնելով պատասխանողի գույքային դրությունը` մասնավորապես այն, որ գործի քննությամբ հիմնավորվեց, որ պատասխանողը չի աշխատում, որ ապրում է ծնողների և եղբոր կողմից ուղարկվող օգնությունների հաշվին՝ (հիմք` պատասխանողի ցուցմունքը և դատարանին որպես ապացույց ներկայացված կանխիկ ելքի անդորրագիը) գտնում է, ալիմենտ բռնագանձելու պահանջն ամբողջովին բավարարելու արդյունքում կարող է առաջանալ պատասխանողի ՀՀ Սահմանադրության 34 հոդվածով ամրագրված բավարար կենսամակարդակի իրավունքի խախտման իրական վտանգ, հետևաբար գտնում է, որ պատասխանողից հօգուտ հայցվորի խնամքին գտնվող անչափահաս Էրիկ Հարությունյանի պետք է բռնագանձել ալիմենտ` ամսական 25.000 ՀՀ դրամի չափով:

Անդրադառնալով հայցվորի մեծ որդու` Արայիկ Արմենի Հարությունյանի համար մինչև նրա չափահաս դառնալը սկսած 2010 թվականի մարտ ամսից մինչև 2012 թվականի մայիս ամիսն ալիմենտ բռնագանձելու պահանջին` դատարանը գտել է, որ այն անհիմն է` հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան`անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով:

Մինչդեռ հայցվորը դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց, որն ուսումնասիրելու արդյունքում կպարզվեր, որ մինչ դատարան դիմելը հայցվորը միջոցներ է ձեռնարկել իր խնամքին գտնվող երեխաների համար ապրուստի միջոց ստանալու համար, և ալիմենտ չի ստացվել պատասխանողի կողմից այն վճարելուց խուսափելու հետևանքով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել