Իսկ ո՞վ պետք է հաշմանդամի փոխարեն քանդի ինքնակամ կառույցը

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն Լոռու մարզային բաժինը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա.Աբազյանի՝ պատասխանողին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։

Հայցվորը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն Լոռու մարզային բաժինը, դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13.03.2012 թվականին տրված թիվ ԼԿԹ 260 կատարողական թերթի համաձայն՝ պարտապան Ա.Աբազյանը մեկամսյա ժամկետում պետք է քանդի 6-041-009-013 ծածկագրի տակ գտնվող իր տնամերձ հողամասում կառուցված ինքնակամ կառույցը։ Վերոգրյալի հիման վրա, պահանջատիրոջ դիմումի համաձայն, 03.05.2012 թվականին հարուցվել է թիվ 06-1456/12 կատարողական վարույթը։ 03.05.2012 թվականին կայացված՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին որոշմամբ Ա.Աբազյանին պարտադրվել է 15 օրվա ընթացքում քանդելու 6-041-009-013 ծածկագրի տակ գտնվող իր տնամերձ հողամասում կառուցված ինքնակամ կառույցը։ Ա.Աբազյանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորյալ չի կատարվել։

22.05.2012 թվականին տրված բացատրության համաձայն` Ա.Աբազյանը տեղյակ է որոշման կատարման վերջնաժամկետի, տեղյակ է հնարավոր պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն ինքը առաջին կարգի հաշմանդամ է, մի ոտքը հեռացրել են և ֆիզիկապես ի վիճակի չէ քանդել շինությունը։ Բացի այդ, շինությունը ծառայում է որպես անասնագոմ, խնդրել է 5-6 ամիս տրամադրել, որպեսզի կարողանա անասունները վաճառել, հետո փեսաների օգնությամբ քանդել շինությունը։

Դատարանը գտել է, որ Ա.Աբազյանը կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 206.9-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում և ենթակա է պատասխանատվության։

Ուստի դատարանը վճռեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն Լոռու մարզային բաժնի հայցն ընդդեմ Ա.Աբազյանի՝ պատասխանողին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, բավարարել։ Ա.Աբազյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 206.9-րդ հոդվածով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով տուգանքի։

Դատարանի վճռի հետ համաձայն չլինելով՝ պատասխանողը ներկայումս վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել