Ի՞նչ անել, եթե գտել եք գույք

Կորցրած գույքը գտնողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել գույքը կորցրած անձին կամ գույքի սեփականատիրոջը կամ իրեն հայտնի որևէ այլ անձի, որն իրավունք ունի ստանալ այդ գույքը և վերադարձնել այն: Եթե գույքը գտնվել է շենքում կամ տրանսպորտում, այն պետք է հանձնվի այդ շենքի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին: Այդ դեպքում անձը, ում հանձնվում է գտանքը, ձեռք է բերում գույքը գտնող անձի իրավունքները և կրում է նրա պարտականությունները:

Եթե գույքի սեփականատերը կամ այլ օրինական տիրապետողը հայտնի չէ կամ նրա գտնվելու վայրն անհայտ է, գույքը գտնող անձը պարտավոր է գտանքի մասին հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին:

Գույքը գտնող անձն իրավունք ունի այն պահել իր մոտ կամ ի պահ հանձնել ոստիկանություն, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրանց նշած անձին:

Արագ փչացող գույքը կամ այն գույքը, որի պահպանման ծախսերն անհամաչափ մեծ են դրա արժեքից, կարող է գույքը գտնողն իրացնել` ձեռք բերելով հասույթի գումարը հավաստող գրավոր ապացույցներ: Գտնված գույքի վաճառքից ստացված գումարը պետք է վերադարձվի այն ստանալու իրավասություն ունեցող անձին:
Գույքը գտնողը, գույքի արժեքի սահմաններում, պատասխանատու է դրա կորստի կամ վնասվածքի համար միայն մեղքի առկայության դեպքում:
«Եթե գույքի սեփականատերը կամ այլ օրինական տիրապետողը վեց ամսվա ընթացքում չեն հայտնաբերվում, ապա գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում դրա գտնողը: Վերջինիս կողմից գույքի սեփականությունից հրաժարվելու դեպքում գույքը դառնում է համայնքի սեփականություն»,-Իրավաբան.net-ին տեղեկացնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Գույքը գտած և դա ստանալու համար իրավազոր անձին այն վերադարձրած անձն իրավունք ունի այդ անձից, իսկ գույքը համայնքի սեփականությանն անցնելիս` տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնից ստանալ գույքը պահպանելու, հանձնելու կամ իրացնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերի` ներառյալ գույք ստանալու իրավազորություն ունեցող անձին հայտնաբերելու ծախսերի հատուցում: Բացի այդ, գույքը գտնողն իրավունք ունի այն ստանալու իրավազորություն ունեցող անձից գույքի արժեքի մինչև քսան տոկոսի չափով վարձատրություն պահանջել գտանքի համար:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել