«Վեդի» Բժշկական կենտրոնում որպես անեսթեզիոլոգ աշխատող Ալեքսանդր Ֆանյանին Արարատի մարզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անփույտ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 130, մաս 2):
Նա 2011թ հունվարի 11-ին ժամը 21:30-ի սահմաններում «Վեդի» ԲԿ-ում իրականացրել է «օղակված ճողվածք» հիվանդությամբ հիվանդանոց ընդունված Արալեզ գյուղի բնակիչ Գ.Ավետիսյանի բժշկական օգնությունը և սպասարկումը: Վերջինս վիրահատությանը նախապատրաստելիս, սխալ մեկնաբանելով էլեկտրոսրտագրի ժապավենը, ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները և դրա նկատմամբ անփույտ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Գ. Ավետիսյանի մահը:
Որպես իրեղեն ապացույց՝ Գ.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը և էլեկտրոսրտագրի ժապավենը հանձնվել է դատավորին:
Ալեքսանդր Ֆանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործն այս պահին քննվում է Վեդիի դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 130-ի, մաս 2-ի՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net