Պայմանագիրը երկու կամ մի քանի անձանց համաձայնությունն է, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Պայմանագրով ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ օրենքի ու պայմանագրի պահանջներին համապատասխան:
Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
«Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս»,-Իրավաբան.նեթ-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:
Աղբյուրը՝ Իրավաբան.net